Սոսի, Նազենիի, Խորենի, Մարջանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ ֆիլմն իտալական հայտնի կինոնկարի պաշտոնական ռիմեյքն է․ ֆոտոշարք և մանրամասներ

47

Մենք սովոր ենք ֆիլմերում տեսնել կատարյալ հերոսների, մինչդեռ իրականում բոլորս այնքան անկատար ենք: Գուցե, ֆիլմերի հերոսներն էլ հաճախ մեզ համար անծանոթ են մնում՝ իրենց երևակայությամբ, մտքերով, գաղտնիքներով, մեր «կատարյալ անծանոթները:) Ի՞նչ կանեիք, եթե Ձեր հեռախոսի բովանդակությունը մի քանի ժամով հայտնվեր բոլորի տեսադաշտում: «Վախենալու ոչինչ չունեմ»․ սա առաջին պատասխանն է, որը կարելի է լսել յուրաքանչյուրից, սակայն ամեն մեկն ունի իր փոքրիկ գաղտնիքը, որը միայն իրենն է և բոլորին հասանելի դառնալուց հետո, գուցե, լիարժեք չընկալվի: Յուրաքանչյուրին թվում է, որ իր «մեղքն» ամենափոքրն է, բայց արդյոք մեղքերը համեմատելի են: Ռեժիսոր Արշո Հարությունյանն այս ամենը կներկայացնի իր մեկնաբանմամբ՝ հանդիսատեսին հղելով իր համար կարևոր ասելիքը:

Իտալիայում «Կատարյալ անծանոթները» ֆիլմը նկարահանելուց հետո այն նկարահանվեց ևս 8 երկրի կողմից․ թեման արդիական է՝ ժամանակակից մարդն ու իր՝ առաջին հայացքից աննշան թվացող, բայց խորը խնդիրները: Պրոդյուսերներ Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանն ու Արեն Հայրապետյանը ձեռք են բերել ֆիլմի հայկական տարբերակը նկարահանելու պաշտոնական իրավունք ու աշխատանքը վստահել ռեժիսոր Արշո Հարությունյանին: Հայկական տարբերակը ստացել է «Անհայտ բաժանորդ» խորագիրը:

«Անհայտ բաժանորդները» Սոս Ջանիբեկյան-Անի Խաչիկյան, Խորեն Լևոնյան-Նազենի Հովհաննիսյան, Բաբկեն Չոբանյան-Մարջան Ավետիսյան զույգերն են ու Արթուր Մանուկյանը, որը հանդիպմանը մենակ է եկել: Tert.am Life-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում և ներայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները:

Արշոն ոգևորությամբ է աշխատում նախագծի վրա: Հանդիսատեսն ակամա համեմատելու է ֆիլմը արտերկրում ստեղծված օրինակների հետ, սակայն ռեժիսորը դրանից չի վախենում: Ավելին, իրեն հենց դա է հետաքրքիր: Վստահ է՝ իրենք նկարահանում են ֆիլմի մրցունակ տարբերակ:

«Խոսքը հրաշալի և կատարյալին մոտ դրամատուրգիայի մասին է, որը շատ քիչ է մեր իրականության մեջ: Ֆիլմում ներկայացված են սոցիալական, մարդկային խնդիրներ, մարդկային հարաբերությունների ճգնաժամ, ինչն ինձ շատ հետաքրքրեց: Սցենարի ադապտացիան իմն է, ինձ հետ աշխատել են հետաքրքրիր սցենարիստներ՝ Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսեսյանը, որոնք բավականին հետաքրքիր, գունավոր շտրիխներ են ավելացրել սյուժեին: Սա պաշտոնական ռիմեյք է: Ի պատիվ պրոդյուսերների՝ կարողացել են ձեռք բերել հեղինակային իրավունք և պայմանավորվել, որ մենք ունենանք մեր մոտեցումները ցույց տալու իրավունք,- ասաց Արշոն, ապա հավելեց, որ իրենք հստակ ասելիք ունեն,- Ուրախությամբ ու հպարտությամբ պետք է ասեմ, որ ի տարբերություն 9 ֆիլմի, որոնք արդեն կան ու ամեն մեկն իր ձևի մեջ հաջողության է հասել, մեզ մոտ շատ կոնկրետ մեսիջներ կան: Չճնշելով հանդիսատեսին, թողնելով, որ յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունենա այս կամ այն  հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, ուղղություններ ենք տալիս, թե ինչպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը: Մարդկային խնդիրները մեկը մյուսի համեմատ լավը կամ վատը չեն: Որևէ կերպարի վարքագիծը չենք գովաբանում կամ թերարժևորում: Ինձ համար շատ թանկ ու կարևոր մեսիջներ ունենք, որոնք այնպես ենք ներկայացրել, որ, կարծում եմ, հանդիսատեսը կընկալի»:

Մեր հեռախոսները մեր մասին գիտեն ավելին, քան պետք է: Ռեժիսորը նկատեց, որ «հեռախոսային ամպիկի» մեջ հայտնվելուց հետո գաղտնիքդ դադարում է միայն  քոնը լինել․  «Ցանկացած պահի մենք խոցելի ենք: Մեր հեռախոսի մեջ մեր մասին շատ բան կա, մի քիչ էլ ավելին, որը նույնիսկ մենք չգիտենք: Դրանք չգիտեմ ինչ մեղքեր չեն, կրքեր են, ֆանտազիաներ, ֆլիրտներ, առանց որոնց մարդն ապրել չի կարող, բայց երբ բացահայտվում են, դու քո մերձավոր շրջապատի առաջ կանգնում ես փաստի առաջ: Դրանից հետո դժվար է լինում ապրել թե՛ այն մարդկանց համար, ում գաղտնիքը բացահայտվել է, թե՛ նրանց համար, ովքեր գիտեն այդ գաղտնիքները»:

7 դերասան, բոլորը կադրում, էմոցինոալ լարվածություն․ նկարահանումներն իրականացնելը հեշտ չէ, բայց ցանկալի արդյունքին հասնելու համար Արշոն պատրաստ է 20 «դուբլ» էլ նկարահանել: Նրան ճանաչողերը գիտեն՝ նկարահանման հրապարակը չի լքի, քանի դեռ չի ստացել ցանկալի արդյունքը:

«Ես պատկերացնում էի, որ ամբողջ ընթացքում 7 դերասանի մի կադրում ունենալը ծանրագույն աշխատանք է, սակայն պրատիկայում դրան առերեսվելն ու դրա մեջ թաթախվելը շատ ավելի ծանր էր։ Շատ տաղանդավոր ու լավ դերասանական կազմ եմ հավաքել: Ամեն մեկն իր տեսակի, բովանդակության մեջ կայացած, իր սիրողների մեծ բանակն ունեցող դերասան է: Ինձ համար կարևոր խնդիր էր ճիշտ կապ ստեղծել իրենց միջև, որպեսզի ներդաշնակ լինեն իրար հետ: Ի պատիվ իրենց պիտի ասեմ, որ ես չեմ սխալվել: Կարող եմ 3 երեք անգամ կրկնել, որ չեմ սխալվել, ինչպես մեր հերոսներից մեկն է ասում՝ ես երջանիկ եմ, երջանիկ եմ, երջանիկ եմ: Ես երջանիկ եմ, որ այսպիսի դերասանական կազմ ունեմ»,- ասաց ռեժիսորը, որը ոչ միայն աստղային, այլև պրոֆեսիոնալ կազմ է հավաքել: Դերասանները հայտնի են, բայց դա չէ նրանց արժանիքը, յուրաքանչյուրն իր գործի գիտակն է և , ըստ ռեժիսորի, իր ճիշտ տեղում:

Արշոն չի թաքցնում՝ կոմերցիոն առումով շահեկան կազմի են ընտրել, սակայն շեշտում է, որ ընտրության նախապայմանը դա չի եղել: Դերասաններին ընտրել են՝ ըստ կերպարային համապատասխանության․ «Մի կողմից շատ կարևոր է, որ այս մարդիկ սիրված են, պրոդյուսերները բնականաբար ուզում են պոտենցիալ հիմք վերցնել սիրված լինելու հանգամանքը, սակայն պիտի անկեղծ ասեմ, որ ինձ համար այդ հանգամանքը բացարձակ կարևոր չի եղել: Ես առաջնորդվել եմ իրենց ստեղծագործական շնորհքով: Ընտրել եմ այն դերասաներին, որոնք հետաքրքիր են այս ֆիլմում, հետաքրքիր են միասին: Դերասանական կազմում կա հարմոնիա»:

Մինչ նկարահանումը սկսելը դերասանները ռեժիսորի հետ «չիտկա» էին անցնում, քննարկում դետալներն ու հասկանում լավագույն տարբերակը: Արշոն ասացա, որ քննարկումներ միշտ ունենում են, ինչն օգնում է գտնել լավագույն տարբերակը, սակայն յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը: Ամեն բան իրար չխառնելու համար վերջին խոսքը ռեժիսորինն է:

«Ռեժիսորը պետք է ունենա իր պատկերացումը, որովհետև դերասանների միջոցով պատմությունը ես եմ պատմում: Եթե 7 հոգի սկսեն պատմել նույն պատմությունը, տարբեր բաներ կստացվեն: Սրա համար կարևոր է 7-ին սինքրոնիզացնել, ինչպես սիմֆոնիկ նվագախմբի դեպքում է լինում: Առանց ստեղծագործական հետաքրքիր բանավեճերի հնարավոր չէ ունենալ արվեստի գործ, եթե այն կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, իսկ կինոն կոլեկտիվ ստեղծագործություն է: Մեզ մոտ ֆանտաստիկ մթնելորտ է», — ասաց նա ու շեշտեց, որ նույնիսկ տեխնիկական անձնակազմը չի լարվում:

Ֆիլմի շրջանակում հանդիսատեսը կտեսնի հետաքրքիր համագործակցության արդյունք: Արշո Հարությունյանը, որպես նկարչի, ֆիլմ է հրավիրել Հրաչ Քեշիշյանին: Ռեժիսորն առանձին ոգևորությամբ խոսեց այս համագործակցության մասին:

«Շատ ուրախ եմ, որ ինձ հավատաց ու միացավ Հրաչ Քեշիշյանը։ Կարծում եմ ՝ սա համագործակցության նոր ձևաչափ է, որի մեջ շատ խորը ու հետաքրքրիր իմաստ կա: Սա խոսում է այն մասին, որ երկուսս էլ ամբիացիաներ չունենք: Ես գնահատում եմ իրեն, իր արած աշխատանքը, երևի, դա փոխադարձ է, եթե նա էլ համաձայնեց համագործակցել: Կարծում եմ՝ շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր, գուցե, մտածել են, բայց չեն գնացել նման համագործակցության: Ես այս նախագծում զգացի հենց Հրաչի անհրաժեշտությունը՝ ռեժիսոր, պրոդյուսեր, նկարիչ, իմ կարծիքով՝ կատարյալ էսթետ, ֆանտաստիկ ճաշակի տեր և հրաշալի էներգետիկայով մարդ: Ես երջանիկ եմ, որ Հրաչը համաձայնեց մասնակցել այս նախագծում, որովհետև իր հետ բերեց իր  մթնոլորտն ու  հանադարտությունը: Երբ Հրաչը տարածքում է, իսկ ինձ մոտ սթրեսային վիճակ է, կարող եմ նայել իր բարի ու լավ տրամադրված դեմքին, միանգամից խաղաղություն իջնի վրաս: Կարծես «դիմեդրոլ» լինի»,- ծիծաղելով ասաց Արշոն:

tert.am