5 նյարդային սովորություն, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը

119

Կան նյարդային սովորություններ, որոնց առկայությունը մարդիկ հաճախ չեն նկատում, քանի որ այդ գործողություններն անում են ինքնաբերաբար: Սակայն անգամ անվնաս թվացող սովորությունները կարող են լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը:

Մասնագետները ներկայացրել են մարդու առողջության համար ամենավնասակար սովորություններն ու դրանց հետևանքով առաջացող բարդությունները:

Եղունգները կրծոտելու սովորություն

Մաշկաբանները նախազգուշացնում են, որ եղունգներն ու դրանց շուրջը եղած մաշկը կրծոտելու դեպքում մարդիկ կարող են մատների փոքրիկ վերքերի մեջ բերանի խոռոչից վարակ անցկացնել կամ ախտահարել լնդերն ու կոկորդը՝ եղունգների տակ եղած բակտերիաների միջոցով:

Մազերը մատին փաթաթելու սովորություն

Անգամ թույլ փաթաթելու դեպքում մազերն այնուամենայնիվ ճնշման տակ են գտնվում: Ժամանակի ընթացքում այս սովորությունը կարող է հանգեցնել արմատների վնասման, մազաթափության ու գլխամաշկի վարակների:

Պարանոցի հոդերը ճտտացնելու սովորություն

Շատերն այս գործողությամբ փորձում են ազատվել լարվածությունից, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ պարբերաբար պարանոցը ճտտացնելու պատճառով ողերում ու մկաններում եղած առաձգական հյուսվածքներն ու ջիլերը կարող են դառնալ գերշարժուն ու վնասվածքների նկատմամբ ավելի զգայուն:

Շուրթերը կծոտելու սովորություն

Շուրթերը կծոտելու կամ դրանց լեզվով դիպչելու դեպքում շուրթերի լորձաթաղանթի վրա են հայտնվում բերանի խոռոչում եղած մարսողական ֆերմենտները, որոնք կարող են դառնալ բորբոքային գործընթացների և անգամ ֆիբրոմաների զարգացման պատճառ:

Մաստակ ծամելու սովորություն

Մաստակների բաղադրության մեջ հաճախ առկա է արհեստական քաղցրացուցիչ՝ սորբիտ, որը կարող է լուծողական ազդեցություն ունենալ: Բացի այդ, մաստակ ծամելիս մարդը հաճախ օդ է կուլ տալիս, ինչի հետևանքով բարձրանում է գազերի կուտակման ու փորափքանքի զարգացման հավանականությունը: